Որո՞նք են կուսակրոն հոգևորականների սեռական հարաբերություն ունենալու դրդապատճառները
Այս նյութը կուսակրոն հոգևորականների սեռական հարաբերություն ունենալու երևույթը դատապարտելու համար չէ, այլ խնդրի խորքային պատճառները հասկանալու, և հնարավության դեպքում այն կանխելու համար է։ Կուսակրոնությունը՝ որպես հավատքի ու նվիրման բարձրագույն ձև, հարյուրավոր տարիներ եղել է տարբեր եկեղեցիների հոգևոր իշխանության հիմքերից մեկը։ Բայց հենց այդ սրբազան երդումը կարող է վերածվել ներքին հակամարտության, երբ մարդը զրկվում է սեռական կյանքից, միաժամանակ շարունակում է ապրել աշխարհիկ կյանքով ու գայթակղություններով, այդ ժամանակ հոգևոր հավասարակշռությունը սկսում է ճաքեր տալ և պատճառ դառնալ կուսակրոնության ուխտի դրժմանը։
Այս երևույթը ցավալիորեն ակտուալ է նաև Հայաստանում՝ երբեմն դառնալով հանրային սկանդալների պատճառ։ Իրականում, խնդիրը պարզապես անհատական չէ, այն ավելի խորն է և ունի հոգեբանական, կրոնաբանական, սոցիալական, փիլիսոփայական և այլ շերտեր։
Հոգեբանական պատճառներ։
Երբ հոգևորականը տարիներ շարունակ ապրում է սեռական էներգիայի ճնշման մեջ, բայց ունի իշխանություն, ճանաչում, սոցիալական կյանք և մերձեցման հնարավորություններ, ապա այդ էներգիան կարող է դուրս գալ վերահսկողությունից, ու տվյալ հոգևորականը սկսում է արդարանալ (ասելով` ես էլ մարդ եմ) և փնտրել գաղտնի կապեր, որոնք շատ հաճախ լինում են առանց գիտակցման, թե ինչպես հատել արգելված սահմանը։
Պետք է իմանալ, որ սեռական ցանկությունը կենսաբանական ուժ է, ոչ բարոյական հասկացություն։ Այն չի կարող վերանալ երդման կամ հավատքի միջոցով։ Այս էներգիան տարիներով կուտակվելով լռության ու մեղքի վախի տակ, հանկարծակի պայթում է։ Այս պայթյունը կոչվում է «ճնշված էներգիայի պայթյուն», որը արտահայտվում է՝ գաղտնի ֆանտազիաներով, մեղքի զգացումով ուղեկցվող գաղտնի հարաբերություններով, սրբության և մեղքի միջև հոգեկան բևեռացումով, ևայլն։
Հոգեբան Կարլ Յունգը այս երևույթը նկարագրել է որպես ստվերի բարդույթ։ Այն ամենը, ինչը մերժում ենք մեզանում, վերադառնում է ավելի ուժեղ ձևով։ Երբ կուսակրոն հոգևորականը փորձում է սպանել իր սեռական ցանկությունը, այն չի անհետանում, այլ պարզապես անցնում է անգիտակցական մակարդակ, որտեղ սկսում է աշխատել որպես գաղտնի, բայց ուժեղ գայթակղություն։ Այսինքն հոգևորականը այլևս չի գիտակցում իր ցանկությունը, և այն իրենից դուրս է գալիս՝ հայացքի, խոսքի, ազդեցության կամ սեռական հարաբերությունների ձևով։
Կրոնաբանական պատճառներ։
Քրիստոնեությունում “սեռականությունը” հաճախ ընկալվել է որպես մեղքի տարածք, իսկ կուսակրոնությունը՝ հոգու մաքրության բարձրագույն նշան։ Բայց այդ պատկերացումը գալիս է ոչ թե աստվածային բնության ըմբռնումից, այլև վաղ եկեղեցական ավանդույթներից, որոնք ազդվել էին պլատոնական և մանիքեական մտածողությունից, որի հիմնական դրույթներն էին՝ մարմինը մեղքի աղբյուր է, իսկ հոգին՝ մաքրության։
Այս մոտեցումը ստեղծում է հակասություն մարդու մարմնական և հոգևոր կողմերի միջև։ Արդյունքում՝ հոգևորականը, ով իր մարմինը ընկալում է որպես մեղքի աղբյուր, սկսում է ապրել ներքին պառակտվածությամբ։ Եվ այդ պառակտումն է, որ շատերի մոտ վերածվում է գաղտնի և մեղսավոր սեռական վարքի։
Սոցիալական պատճառներ։
Հոգևորականը՝ հատկապես կուսակրոն կարգավիճակում, ունի բարձր բարոյական հեղինակություն և սոցիալական ազդեցություն։ Այս ստատուսը հաճախ անգիտակցաբար վերածվում է “գայթակղիչ” իշխանության, երբ կինը տեսնելով հոգեվորականին որպես տղամարդու միստիկ կերպար, անհասանելիության օբյեկտ, իշխանության և բարոյական հեղինակութուն, այդ ժամանակ տաբուի գայթակղությունը և «փրկելու» ֆանտազիան կնոջ մղում են էմոցիոնալ կամ հոգևոր մոտեցումով ցանկանալու նրան։
Հենց կնոջ այդ ձգտումը հոգևորականին տալիս է գայթակղության զգացում։ Նա զգում է, որ իր նկատմամբ կա ցանկություն և այս դեպքում սեռական կապը դառնում է ոչ թե հաճույքի ակտ, այլ ներքին հավասարակշռության փորձ՝ «ես դեռ կենդանի եմ, ես դեռ մարդ եմ, ես դեռ տղամարդ եմ․․․»։
Փիլիսոփայական պատճառներ։
Կուսակրոնի հոգևոր խախտման իրական պատճառը՝ ոչ թե ցանկությունն է, այլ ինքնախաբեությունը։ Նրանք սկսում են հավատալ, որ կարող են լինել սուրբ՝ չկառավարելով մարմինը։ Սակայն իրականում հոգևոր մարդը նա չէ, ով չունի ցանկություն, այլ նա, ով գիտի ինչպես կառավարել այն։ Իսկական սրբությունը ոչ թե մարմնի մերժումն է, այլ դրա գիտակցումը որպես հոգևոր ուղի։
Արևելյան ուսմունքներում (օրինակ Դաոսականություն), սեռական էներգիան չի դիտվում որպես մեղք, այլ հոգևոր վերափոխման միջոց։ Սեռական ժուժկալությունը հաջողվում է, երբ այն ուղեկցվում է՝ մեդիտատիվ պրակտիկայով, մարմնի և մտքի ինտեգրմամբ, ենթագիտակցության մաքրումով։ Երբ սեռական էներգիան չի վերափոխվում գիտակցությամբ, այն վերածվում է ճնշման, իսկ ճնշումը՝ խախտման։ Այսպիսով, խնդիրը ոչ թե սեռական ցանկությունն է, այլ այն փիլիսոփայական պատրանքը, թե սրբությունը հնարավոր է առանց մարմնի։
Ինչո՞ւ է հոգևորոկանը ընկնում այս գայթակղության մեջ և ի՞նչ անել այդ ուղղությամբ։
Կուսակրոն հոգեվորականների մենակությունն ու զգացական դատարկությունը ստեղծում է շփման ու մտերմության կարիք։ Որպես ինքնահաստատման միջոց, նրանց իշխանության զգացումը կարող է առաջնորդել դեպի սեռական կապը։ Նրանց մեղքի և ցանկության միջև ճոճվելը ուժեղացնում է այդ հակադրությունը և “հոգեվոր այրման” պայմաններում հավատքը կորցնում է իր հոգևոր լիցքը, և հոգևորականը սկսում է փնտրել կենդանի զգացողություն՝ նույնիսկ մեղքի պայմաններում։
Կանխելու համար այս խնդիրը, կարևոր է ուշադրություն դարձնել հետևյալ կետերին՝
- Ստեղծել հոգևորականների ուսուցման համակարգ, որը ներառում է սեռական հոգեբանություն ու էներգետիկ ինքնակարգավորում
- Հոգևորականության շրջանում սեռականության մասին բաց և ազնիվ քննարկում
- Մեդիդացիա, շնչառական վարժություններ, և հոգեմարմնական պրակտիկաների ուսուցում մասնագետների կողմից
- Հոգեբանական աջակցություն և խորհրդատվություն, ստրեսի, միայնության և ցանկությունների բաց քննարկում
- Արտաքին գայթակղությունների ինքնագիտակցում և փորձությունների դիմակայման որոշում
- Հոգևոր ղեկավարության պատասխանատվության և գիտակցության բարձրացում, օրինակելի կեցվածքի ձևավորում
- Հոգևորի կողմից կուսակրոնության ուխտի հավատարմության իրական գնահատում, և անհնարինության դեպքում այս խոստումից հրաժարում։
- Նոր մտածողության ձևավորում, որտեղ սրբություն չի համարվում ցանկության բացակայությունը, այլ կարևորվում է այդ ցանկության նկատմամբ մարդու կարգապահությունն ու ինքնագիտակցությունը։
Քանի դեռ սեռական էներգիան դիտվում է որպես “թաքցնելու բան”, այն միշտ կգտնի իր գաղտնի արտահայտությունը։ Իսկ երբ այն դառնա գիտակցված էներգիա, կարող է վերածվել ստեղծագործության, կարեկցանքի և իսկական հոգևոր ներուժի։
